***
ԹԱՐՄԱՑՈՒՄ 17:00, 14.03.2020թ.
Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ:
Ունենք նաև լավ լուր. մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա տեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել, այսինքն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո, նա դուրս կգրվի հիվանդանոցից:
***
Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե’ բնակչությունից և թե’ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»:
Այս կապակցությամբ հայտնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ` սահմանված կարգով:
Լրատվամիջոցներին խնդրում ենք` «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքները:
Իսկ բնակչությանը հորդորում ենք` պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին: